Զավեշտալի է նաև այն, թե ինչ է լինելու, եթե քաղաքացիները չվճարեն ադրբեջանցիների մաքսատուրքը. Թագուհի Թովմասյան
«Պետք է արձանագրենք, որ տեղի է ունեցել դեմարկացիա և դելիմիտացիա, փաստացի Հայաստանի սահմանները փոփոխվել են, մենք նոր ճանապարհ ենք մեզ համար կառուցել և այս բոլոր գործընթացների համար չունենք որևէ իրավական հիմնավորվածություն»,- ամփոփելով արտակարգ քննարկումը հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Նրա կարծիքով՝ պարզ չէ, թե ինչ հիմքով է հայտարարվել, որ այդ տարածքը Ադրբեջանինն է, և Գլխավոր դատախազությունը պետք է քրեաիրավական գնահատական տա կատարվածին:
Անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ քաղաքացիները կարող են որոշակի վճարի դիմաց անցնել Գորիս-Կապան ճանապարհով՝ պատգամավորը պնդեց, որ Գրիգորյանը պետք է պարզաբանի` այդ մաքսատուրքերը Հայաստանի քաղաքացիները ի՞նչ արտարժույթով են վճարելու և որքա՞ն են վճարելու, որը զավեշտ է:
«Զավեշտալի է նաև այն, թե ինչ է լինելու, եթե քաղաքացիները չվճարեն այդ մաքսատուրքը, ո՞ւմ են դիմելու իրենց իրավունքների ոտնահարման դեպքում»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և շեշտեց, որ կան հարցեր, որոնք բարձրաձայնելու և լուծման կարիք ունեն, դրա փոխարեն կառավարությունը որևէ կերպ չցանկացավ արձագանքել հրավերին, մասնակցել ԱԺ-ում կազմակերպած քննարկմանը և պարզաբանումներ տալ։
Շեշտելով, որ խաղաղության օրակարգը չի ձևավորվում պատերազմի սպառնալիքի տակ՝ Թովմասյանը ասաց. «Եթե ունեիք խաղաղության օրակարգ, պետք էր հայտարարել դրա մասին 2018-ին, որ եկել ենք իշխանության` խաղաղության օրակարգով և սա է խաղաղության գինը։ Ժողովուրդը թող տար իր գնահատականը և կատարեր իր ընտրությունը` ուզում է խաղաղության համար վճարել այդ գինը, թե ոչ»։
Ըստ պատգամավորի՝ նման իրավիճակում պողպատե մանդատի մասին հայտարարությունները որևէ մեկին իրավունք չեն վերապահում միանձնյա որոշում կայացնել ՀՀ պետական սահմանների փոփոխության մասով, քանի որ Հայաստանում Սահմանադրություն կա:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը խաղաղության կեղծ դիսկուրսով ամենօրյա կործանման է տանում Հայաստանի գոյությունը. Լիլիթ Գալստյան
- Մենք շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, քանի որ մեր երկիրը ղեկավարում է վախկոտ մի մարդ. Գեղամ Նազարյան
- Իշխանությունը ժողովրդի թիկունքում բանավոր գործարքների է գնում թշնամի երկրի հետ. Գեղամ Մանուկյան
- Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան