Ադրբեջանը հայտարարել է, որ մերժում է ՀՀ ներկայացրած առաջարկների փաթեթը, այլ առաջընթաց այս մասով առայժմ չկա. Միրզոյան
«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ-ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, և Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնեց, որ Ադրբեջանում դեռևս 38 անձ է պահվում ռազմագերու, պատանդի կարգավիճակով, 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են։
«Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալյացիան»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարի կողմից բարձրաձայնված մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի աղվանական մշակութային կոթողների «վերականգնմամբ», այս հայտարարությունը հրատապ է դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և իրենք այժմ այս մասին բանակցություններ են վարում։
Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ և կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն։
«Ըստ այդմ, 2021 թ. ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն», - նշեց Ա. Միրզոյանը։
Խոսելով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, նա ասաց, որ այժմ աշխատանքներ են տարվում 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երթուղին վերագործարկելու շուրջ պայմանավորվածությունը դե յուրե ամրագրելու ուղղությամբ։
Նա նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ակտիվ ջանքեր է գործադրում սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ, ՀՀ կառավարությունը հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով, որի հիմքում ընկած է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման, զորքերը սահմանապահ ծառայության փոխարինելու, միջազգային մոնիթորինգի իրականացման սկզբունքները և այլն։
«Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը։ Այլ առաջընթաց այս մասով առայժմ չկա։ Բայց մենք շարունակում ենք աշխատանքները, այստեղ էականը, բնականաբար, սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար մեխանիզմների ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ իրենց համար սկզբունքային ու առանցքային է արցախահայության իրավունքների ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Մեր կառավարություն ուղենիշն է` կառուցել խաղաղություն տարածաշրջանում, անշուշտ դրա կարևորագույն մասն է Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը»,- ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով
- Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերը պետք է հայելային ձևով հեռանան սահմանից.Մարիա Կարապետյան
- Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ հակամարտության գոտում փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ
- Սխալ է պետական մակարդակով ընդհանրական ձևակերպումներով խոսել գերիների, զորքերի հայելային հետ քաշման մասին.Արման Թաթոյան
- Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Արարատ Միրզոյան
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Թադևոս Ավետիսյան. Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ
- Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման. Սեյրան Օհանյան
- Տնտեսական և տրասնպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա բացասական ազդեցություն