Այսօր բարձր գաղափարական խնդիր է, որպեսզի մեզ մոտ բարձր մշակութային ասպարեզը պաշտպաված լինի. Ռոբերտ Ամիրխանյան
Հեղինակային և հարակից իրավունքների ոլորտում ԿԳՄՍ նախարարության դերն ավելի կրթական է, ստեղծագործողները պետք է ծանոթ լինեն իրենց իրավունքներին ու իրենք պաշտպանեն իրենց իրավունքները։ «Արալեզ» հասարակական կազմակերպության (Հեղինակային, հարակից և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համահայկական ասոցիացիա) նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ ստեղծագործական միությունների միացյալ ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը։
«Երբեմն հեղինակները չեն տարբերում հեղինակային իրավունքը գույքային իրավունքից, որովհետև այլ բան է ստեղծել գիրք, այլ բան է հետո զբաղվել դրա գույքային իրավունքների օգտագործմամբ, վերահսկողությամբ, ինչը պետք է անեն, կարծում եմ, գրողների պարագայում գրողների գործակալները»,- ասաց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը։
Panorama.am-ի դիտարկմանը, որ ոչ բոլոր գրողներն ունեն գործակալներ, նա նշեց, որ այդպես է, բայց, կարծում է, դժվար չէ իրավունքները պաշտպանել. «Օրինակ՝ կարելի է գրել ստեղծագործություն, գրանցումը, իհարկե պարտադիր չէ, բայց ցանկալի է։ Եթե քո իրավունքներն ի պահ ես տալիս որևէ կազմակերպության, այն պարտավորվում է քո շահերը ներկայացնել վարչական դատարանում, եթե որևէ մեկը խախտում է քո ստեղծագործության գույքային իրավունքները։ Բայց դու կարող ես գրել վեպ, ինքդ քեզ ուղարկել մեյլով, ֆիքսել դրա ամսաթիվը, վարչական դատրանում նույն ազդեցությունն է ունենում, թե ինչ որևէ կազմակերպության կողմից գրանցումն ու քեզ տրված սերտեֆիկատը։ Այս դեպքում կարևորն առաջին ամսաթիվն է»։
Նա նշեց, որ հրատարակչությունները, գրողները կարողանում են իրենք իրենց վերահսկել։
Ֆորումին ներկա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկար ժամանակ շատ հեղինակներ իրենց պաշտպանված չեն զգացել։
«Այդ ասպարեզը մեզանում գտվել է ոչ ծրագրային ուշադրության ներքո։ Այսօր բարձր գաղափարական խնդիր է, որպեսզի մեզ մոտ բարձր մշակութային ասպարեզը պաշտպանված լինի։ Կարծում եմ՝ շատերը ոգևորություն կապրեն, որ այսօր Հայաստանում նման կազմակերպություն կա, կսկսեն աշխատել այնպիսի կազմակերպչական դաշտում, որտեղ հիմնական խնդիրն արժեքի գիտակցությունն ու այն պահպանելն է։ Սա կխթանի, որպեսզի մեզ մոտ մշակութային դաշտը գլուխը բարձրացնի»,- ասաց կոմպոզիտորը։
Ռ.Ամիրխյանի խոսքով, կարևոր է մարդը պաշտպանված լինի իրավական առումով։
Հարակից հրապարակումներ`
- «Արալեզ» ասոցիացիայի ձգտումը՝ բաց և հարմարավետ քաղաքականություն վարել, ամենակարևորն է. EAKOP-ի գլխավոր քարտուղարի տեղակալ
- «Արալեզ» ՀԿ նախաձեռած ֆորումում ներկայացվեցին հեղինակների շահերը բավարարելու նոր տեխնիկական գործիքներ
- «Արալեզ» ՀԿ-ն՝ վահան հայ հեղինակների համար. Վիկտորյա Մալոյան