Չին-հնդկական հարաբերությունները կբարձրանան որակական նոր մակարդակի
Չինաստանի արտգործնախարար Վան Ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը և Հնդկաստանը հանդիսանում են երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ:
Չինաստանի արտգործնախարարը Հնդկաստանի վարչապետին է փոխանցել Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի ուղերձը, որտեղ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը համարվում է Պեկինի առաջնահերթություն: Սի Ձինպինը իր ուղերձում նշել է, որ Հնդկաստանը և Չինաստանը ունեն ավելի շատ ընդհանուր շահեր, քանս թե հակասություններ:
Նարենդրա Մոդին իր հերթին նշել է, որ երկու երկրները պետք է ջանքեր գործադրեն արդյունաբերության, ենթակառուցվածքների շինարարության, մշակութային, սահմանային և այլ ոլորտներում համագործակցությունը էլ ավելի խորացնելու համար:
Վերջին շրջանում չին-հնդկական հարաբերությունները բավականին ակտիվ զարգանում են: Նախորդ տարվա հոկտեմբերին Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի Պեկին կատարած եռօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Հնդկաստանի վարչապետի և Չինաստանի իր գործընկեր Լի Կեցյանի հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում սահմանային համագործակցության վերաբերյալ:
Համաձայնագրեր են ստորագրվել նաև սահմանային գետերի երկայնքով անվտանգության ապահովման ուղղությամբ: Չինական կողմը իր համաձայնությունն է հայտնել Հնդկաստանի տարածքում երկաթգծերի շինարարությանը մասնակցելու հետ կապված, ինչը թույլ կտա ստեղծել Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա տնտեսական միջանցքը:
Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի և Մանմոհան Սինգհի հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ Պեկինը դիտարկում է Հնդկաստանի հետ հարաբերությունները որպես կարևորագույն երկկողմ հարաբերություններ և պատրաստ է ամրապնդել չին-հնդկական ռազմավարական համագործակցությունը:
Անդրադառնալով Չինաստանի և Հնդկաստանի միջև առկա սահմանային հարցերին Սի Ձինպինը նշել է, որ պետք է օգտագործել սահմանային հարցերով չին-հնդկական հատուկ հանձնաժողովի հնարավորությունները, որպեսզի կարճ ժամանակում հասնել խնդիրների արդարացի և ընդունելի տարբերակին:
Չին-հնդկական սահմանային խնդիրը վերաբերվում է նախկին Բրիտանական Հնդկաստանի և Տիբեթի միջև գծված սահմաններին: Երկու երկրների միջև վիճելի էին համարվում սահմանային հատվածները՝Քաշմիրի հյուսիս-արևելյան հատվածում(518 քկմ) և Արունաչալ-Պրադեշ շրջանի հյուսիսային հատվածը(82.88 քկմ): Սահմանային վեճերը 1962թ.-ին վերաճեցին չին-հնդկական կարճատև պատերազմի:
Մանմոհան Սինգհը իր հերթին նշել է, որ Չինաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացումը մնում է Հնդկաստանի դիվանագիտության անկյունաքարային հարցերից մեկը:
Հնդկաստանի վարչապետը հատուկ շեշտել է, որ Հնդկաստանը ճանաչում է Տիբեթի Ինքնավար շրջանը որպես Չինաստանի անբաժանելի մաս և թույլ չի տա տիբեթցիներին Հնդկաստանի տարածքում զբաղվել հակաչինական գործունեությամբ:
Օրերս Տիբեթի վտարանդի կառավարությունն հայտարարել էր տիբեթցիների ինքնավարության մակարդակի բարձրացմանն ուղղված միջազգային արշավի մեկնարկի մասին:
Տիբեթի խնդիրը տասնամյակներ շարունակ անհանգստացնում է Պեկինի կենտրոնական իշխանություններին, իսկ տիբեթական հարցի միջազգայնացումը հարուցում է Չինաստանի դժգոհությունը: Պեկինը Տիբեթի հետ կապված բոլոր հարցերը համարում է երկրի ներքին գործ:
Տիբեթը միացվել է Չինաստանին 1949-1950թթ.-ին: 1959թ.-ին չինական զորքերը ճնշել են տիբեթցիների ժողովրդական շարժումը, ինչից հետո Դալայ Լաման տեղափոխվել է Հնդկաստան: 1949թ.-ից սկսած Դալայ Լաման Չինաստանի Տիբեթում իրականացված քաղաքականության դեմ բողոքներ է ուղղում ՄԱԿ-ին:
1959թ.-ից սկսած Հնդկաստանի տարածքում՝ Դհարամսալա քաղաքում է գտնվում Տիբեթի վտարանդի կառավարությունը, որը 2011թ.-ին կայացած ընտրությունների արդյունքներով գլխավորում է Հարվարդի համալսարանի աշխատակից, իրավաբան Լոբսանգ Սանգայը:
Մինչ այդ, Տիբեթի վտարանդի կառավարությունը գլխավորում էր հենց Դալայ Լաման: Այս պահին, Դալայ Լամա 14-րդը պահպանել է միայն Տիբեթի հոգևոր առաջնորդի տիտղոսը: 77-ամյա Դալայ Լամա 14-րդը 1989թ.-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին:
Չնայած առկա քաղաքական խնդիրներին Հնդկաստանը և Չինաստանը ակտիվորեն զարգացնում են նաև տնտեսական կապերը:
Չինաստանը Հնդկաստանի 2-րդ խոշոր առևտրային գործընկերն է: Երկկողմ ապրանքաշրջանառության ներկա մակարդակը՝ 66.4 միլիարդ դոլար է և կողմերը ցանկանում են մինչև 2015թ.-ը այն հասցնել՝ 100 միլիարդ դոլարի:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակում`
Չինաստանը ընդլայնում է տնտեսական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին