Թոմաս դե Վաալ. Ալիևի հայտարարությունները` թատերական մի փոքր ներկայացում
«Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Սոչիում՝ առանց գաղափարների» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է օգոստոսի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը: Փորձագետի կարծիքով՝ նախագահների հանդիպումը հաջողված է թվում: Նրա խոսքով այն միտված էր մեղմացնելու լարվածությունը և դադարեցնելու բախումները Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Միաժամանակ դե Վաալը նկատել է, որ կողմերը ոչ մի նոր էական հայտարարություններ չարեցին, իսկ Ռուսաստանն ու այլոք չունեն գաղափարներ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հեղինակի հոդվածն ամբողջությամբ:
«Օգոստոսի 10-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Սոչիում հրավիրել էր եռակողմ հանդիպում՝ իր, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հանդիպման անցկացման առաջնային նպատակը հաջողված է թվում: Այն միտված էր մեղմացնելու լարվածությունը և դադարեցնելու բախումները Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, որոնց հետևանքով վերջին երկու շաբաթների ընթացքում մի քանի տասնյակ զինվորներ զոհվեցին:
Բայց ապշեցուցիչ էր, թե որքան լղոզված էին հանդիպումից հետո արված հրապարակային հայտարարությունները: Ալիևն ու Սարգսյանը «տանտիրոջը» գոհացնելու համար ասացին, որ սատարում են հակամարտության խաղաղ կարգավորումը՝ միաժամանակ պատմական փաստերի վերաբերյալ մի քանի խայթոցներ փոխանակելով:
Նրանք, այնուամենայնիվ, ոչ մի էական բան չասացին: Ոչ մի հայտարարություն չեղավ 1994 թ.-ին կնքված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին՝ կանխելու տասնյակ երիտասարդների մահը շփման գծում, ինչը սովորական է դարձել: Միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը բանակցությունների սեղանին է 2011 թ.-ից, սակայն այն դեռ չի իրականացվել:
Նմանապես, ոչ ոք հրապարակային պարտավորություն չստանձնեց Հիմնարար սկզբունքների հիման վրա շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների վերսկսման կամ, ինչպես որոշ ադրբեջանցիներ են առաջարկում, այդ քննարկումը շրջանցելու և համապարփակ խաղաղ բանակցություններին անցնելու վերաբերյալ:
Մինչ Սոչիի հանդիպումը սոցիալական ցանցերում բազմաթիվ շահարկումներ էին շրջանառվում, թե Ռուսաստանը հակամարտության լուծման հարցում որպես «տիկնիկավար» է հանդես գալիս: Դավադրության տեսության կողմնակիցներն էլ անգամ պնդում էին, որ Ռուսաստանն է հրահրել բախումները, որպեսզի այնուհետև միջամտի և վերահսկի դրանք:
Իհարկե, Պուտինը, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվելով, վայելում էր խաղաղարարի դերում հանդես գալու պահը: Իսկ Ռուսաստանը վերջին մեկ տարում բավական օգուտ է քաղել այս ձգձգված հակամարտությունից՝ երկու կողմերին զենք վաճառելով:
Բայց Սոչիի հանդիպումը կարծես վերահաստատեց Ղարաբաղյան հակամարտության հիմնական ճշմարտությունը ՝ խնդիրը չլուծված է մնում ներքին, այլ ոչ թե արտաքին զարգացումների պատճառով: Կողմերից ոչ մեկը թույլ չի տա Ռուսաստանին թելադրել իր կամքն այս հարցում, որը հիմնարար նշանակություն ունի երկու ժողովուրդների անվտանգության և ինքնության տեսանկյունից: Անգամ Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը թույլ չի տա դա: Նախագահ Սարգսյանը հանդիպումից հետո ժամանակ գտավ հեռուստատեսային հարցազրույցի համար, որպեսզի հերքի ռուս խաղաղապահների տեղակայման մասին պնդումները:
Այդ ներքին զարգացումները վատթարանում են: Կան նոր տեղեկություններ Իսրայելից և Պակիստանից Ադրբեջանի գնած զենքերի մասին:
Ադրբեջանը ցուցադրում է իր մկանները և անում ավելի ու ավելի ռազմատենչ հայտարարություններ: Նախքան Սոչի մեկնելը նախագահ Իլհամ Ալիևն ապշեցուցիչ քանակի՝ 57 գրառում կատարեց Twitter-ում՝ հայտարարելով, թե «մենք վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը: Ադրբեջանի դրոշը ծածանվելու է գրավյալ տարածքներում, այդ թվում` Շուշայում և Խանքենդիում»:
Սա ավելի շուտ թատերական մի փոքր ներկայացում էր, քան պատերազմի վերսկսման իրական ցուցանիշ: Բայց ագրեսիայի ուժգնացումը իրական զոհերի է հանգեցնում: Շփման գծում զոհերի մասին տեղեկություններին զուգահեռ մտահոգիչ լուրեր տարածվեցին, որ անզեն հայ գյուղացի Կարեն Պետրոսյանը, ով օգոստոսի 7-ին անհասկանալի հանգամանքներում հատել էր սահմանը, ավելի ուշ սպանվել էր ադրբեջանցի գերևարողների կողմից:
Սոչիից հետո Սարգսյանը պատասխանեց մաչոյին հատուկ ոճով: Նա ասաց, որ իր երկիրն ունի 300 կմ հեռավորության վրա գործող բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են Ադրբեջանի քաղաքները վերածել «Աղդամի»՝ հիշեցնելով Ղարաբաղից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական քաղաքի մասին:
Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և այլոք, գաղափարներ չունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ռուսները կփորձեն շահել առավելագույնը ստատուս քվոյից՝ փորձելով կանխել նոր պատերազմը: Աշնանը Միացյալ Նահանգները կփորձեն ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում նոր հանդիպում կազմակերպել և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ալիևին և Սարգսյանին կհրավիրի Փարիզ: Այդ ընթացքում Պուտինը կվերադառնա Ուկրայինայի խնդրին: Հիմքեր չկան կարծելու, որ նա մոտ ապագայում Ղարաբաղի վերաբերյալ մեկ այլ հանդիպում կնախաձեռնի»:
Նախորդող`
Թոմաս Դե Վաալ. Ղարաբաղյան կրակոցների օգոստոսը
Հարակից`
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին