Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման. ԳԱԼԱ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քիչ առաջ հրապարակվել է 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավճիռը, որի համաձայն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, փոխանցում է Գյումրիի «ԳԱԼԱ»-ն:
Այսօր կայացած դատական նիստի ժամանակ Վահե Ղուկասյանի պաշտպան Հայկ Ալումյանը ընթերցել է պաշտպանական ճառը` դատարանից պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին: Վերջին խոսքով է հանդես եկել նաև Վահե Ղուկասյանը:
Հիշեցնենք` նախորդ դատական նիստում մեղադրող կողմն առաջարկել էր դատարանին Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
2013-ի ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը` Շեկոն, որը ստացած վնասվածքներից մահացել էր: Կատարվածի կապակցությամբ ձերբակալված Վահե Ղուկասյանը, որը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է, խոստովանել է, որ ինքն է կատարել հանցանքը: Ձերբակալվել էր նաև Քավոր Հարութի որդին` Գ. Խաչատրյանը, սակայն վերջինի անչափահաս լինելու պատճառով նրան ազատ էին արձակել:
Վահե Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով` «մեկ անձի սպանության և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ»:
Հարակից հրապարակումներ`
Շեկոյի դեմ քրեական գործը կարճվել է` ինքնապաշտպանության հիմքով
Գյումրիի աղմկահարույց գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Վարդան Ղուկասյանի եղբորորդուն դատախազը միջնորդել է դատապարտել 22 տարով