«Այո և ոչ»-ի հյուսիսային թևն ամփոփում է անցած 20 օրը
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում «Այո և ոչ» հեռուստաիրապատումի վերջին օրվա ավարտին հյուսիսային թևի մասնակիցները սեղանի շուրջ ամփոփեցին 20 օրերի աշխատանքը:
Հիշեցնենք, որ այս թևում ընդգրկված են «Այո»-ի կողմանկիցներ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանն ու «Ոչ»-ի կողմնակիցներ «Միտք» նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը, «ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Նարեկ Այվազյանը:
Նրանք վերջում միմյանց շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ միմյանցից շատ բան են սովորել, չնայած մի քանիսը խորհրդարանում միասին են աշխատել, սակայն նոր են ճանաչում իրար:
Մարգարիտ Եսայանի խոսքով, պայքարը տեղի ունեցավ զուտ գաղափարական դաշտում ու այն թեմայի շրջանակում, որի համար հավաքվել են:
«Այս քսան օրերին դուք ցուցաբերեցիք անբացատրելի կամքի ուժ, դիմադրողականություն, անբասիր վարք: Այն խնդիրը, որ դրել էինք մեր առաջ, բոլորս պատվով իրականացրեցինք: Ամենակարևորը՝ մարդիկ տեսան, որ շրջադարձային փոփոխություն է ունենում քաղաքականության մեջ»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորուհին:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում կարողացան շփվել մարդու հետ, տեղեկանալ նրանց խնդիրների մասին: Ասաց՝ Աժ հայտարարությունների ժամին հայտարարություններ է անելու մի քանի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրների մասին:
«20 օրը մենք անցանք ի շահ մեր ժողովրդի: Անկախ այն բանից, թե հանրաքվեն ոնց կանցնի, մեր պետությանն անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Ես կարծում եմ, որ դա լինելու է անպայման, որովհետև մենք հասել ենք մի կետի, որ դրանից հետո կարող ենք շեղվել այն վեկտորից, որ կոչվում է ազգային գաղափարախոսություն»,-ասաց ԲՀԿ-ական Մելքումյանը:
Արմեն Մկրտչյանն էլ նշեց, որ գաղափարական բանավեճի առումով լավ հարթակ է եղել այս հեռուստաիրապատումը. «Ցանկացած առողջ ուժ չպետք է խուսափի բանավեճից»:
Վարդան Խաչատրյանը նշեց, որ հաղորդումների ընթացքում եղած բացախոսության մակարդակն ինչ-որ չափով արդեն ձեռքբերում է. «Մենք մնացել ենք մեր համոզմունքներին, թերևս ճիշտը դա է»:
Սամվել Ֆարմանյանը կարևորեց այն, որ բանավեճերի ընթացքում մասնակիցները կոռեկտության սահմանը չեն հատել:
Արթուր Եղիազարյանը ծրագրին մասնակցությունը համարձակություն ու ռիսկային որակեց. «Այստեղ խնդիր կար, թե ժողովրդին ով ասելիք ուներ և ով չուներ»:
Հիշեցնենք, որ այս թևի մասնակիցներն իրենց քարոզը սկսեցին Ապարանից, եղան Արարատում, Արագածոտնում, հետո Շիրակոիմ մարզ՝ Լոռիում, Տավուշում, վերջում՝ Գեղարքունիքում:
Խմբերն այսօր կվերադառնան Երևան: Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, կլինեն դեբատներ:
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Խաչատրյանը՝ Մարտունու բնակչին. Դրա համար Ստալինին ասում էին՝ տիրան է, ոչ թե դիկտատոր
- Արմեն Մկրտչյան. Այս փասաթղթին կողմ քվեարկելուց հետո ավելի վատ է լինելու
- «Այո և ոչ»-ը՝ Նոր Հաճն քաղաքում. Ֆոտոռեպորտաժ
- Բագրատյան. Սահմանադրագետ չեմ, բայց ցանկացած սահմանադրագետի կարող եմ դաս տալ
- Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին