Տիմոշենկոյի կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից
Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշինա» կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայի կազմից: Այս մասին «112.ուա»-ի փոխանցմամբ, հայտարարել է Յուլիա Տիմոշենկոն:
«Գիտեք, որ երեկ Ռադայում արտահերթ նիստ էր, որի ժամանակ էլ այն ինչ գաղտնի էր պահվում, իրականություն դարձավ: «Բատկիվշինա» խմբակցությունը այսօր առավոտյան կայացած նիստում որոշում է ընդունել ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակի շուրջ, իսկ դա կոալիցիայի կազմից դուրս գալն է»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Վերջինս ընդգծել է, որ կոալիցիայում մնալն իմաստ չունի, քանի որ այնտեղ գտնվողների մոտ ցանկություն չկա բարեփոխումներ իրականացնել, պաշտպանել Ուկրաինան և բարելավել մարդկանց կյանքը: Տիմոշենկոն նաև կոչով դիմել է կոալիցիայի մաս կազմող բոլոր այն պատգամավորներին, «ովքեր դեռ չեն կորցել իրենց խիղճը, դուրս գալ այդ ձևական կոալիցիայի կազմից»:
Նախօրեին Ուկրաինայի Գերագույն Ռադայում արտահերթ կարգով ընթանում էր կառավարության հաշվետվության ներկայացումը անձնամբ վարչապետ Արսենի Յացենյուկից կողմից, որի ընթացքում էլ դրված էր կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:
Արսենի Յացենյուկի՝ խորհրդարանում ունեցած ելույթից երկու ժամ առաջ էլ դիմումով էր հանդես եկել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն՝ հայտարարելով, որ երկրի բնակչության 70 տոկոսը չի վստահում կառավարությանը և նախարարների գործողություններին, իսկ կառավարության քայլերում էլ առհասարակ բացթողումներն ավելի շատ են, քան ձեռքբերումները:
Փորձագիտական գնահատականների համաձայն, այդ հայտարարությունից հետո սպասվում էր, որ Ռադան անվստահություն կհայտնի Յացենյուկի կառավարությանը, հատկապես այն դեպքում, երբ նախաձեռնությամբ էր հանդես եկել նախագահի՝ «Պյոտոր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունը: Սակայն, երեկոյան տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Ռադային չի հաջողվել անսվտահություն հայտնել Յացենյուկի կառավարությանը: Որոշ գնահատականների համաձայն, Յացենյուկին հաջողվել է ձայներ ապահովել իր օգտին ի հաշիվ ընդդիմադիր պատգամավորների, որոնք Ուկրաինայի նախկին նախագահի «Ռեգիոնների» կուսակցությունից են:
«Եվրոպական Ուկրաինա» անվանումը ստացած կոալիցիոն բլոկի կազմում իսկզբանե եղել են 5 խմբակցություններ, որոնք միասին կազմել են սահմանադրական մեծամասնություն: Ներկա պահին բլոկում մնում են երեք կուսակցություններ՝ «Պյոտոր Պորոշենկոյի բլոկ», «Ազգային ճակատ» և «Ինքնաօգնություն» կուսակցությունները, որոնցից առնվազն մեկի դուրս գալու դեպքում կոալիցիան կդադարի գոյություն ունենալ՝ առաջ բերելով վաղաժամ ընտրությունների խնդիր: