«Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում գործարկվել Է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ
Այսօր գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ «Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերի բնակչությանը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկման մեկնարկին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ պետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Նախարարի համոզմամբ, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը:
«Այսուհետ, պետական մարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանում Պետական միասնական գրասենյակի ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի թիվ 01 փոստային բաժանմունքում(հասցե՝ Նալբանդյան 21): Առաջիկայում նախատեսվում է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ բացել հանրապետության մյուս մարզերի «Հայփոստի» մի շարք բաժանմունքներում ևս:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան