Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը
Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում մարտի 25-ին բացվելու է «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը: artguide.com-ը տեղեկացնում է, որ ներկայացվելու է 19 նկարչի 54 աշխատանք, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի կտավները: Աշխատանքները տարվելու են Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի ռուսական արվեստի թանգարանից և մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 4-ը: Ցուցահանդեսի բացման առիթով տպագրվելու է նաև կատալոգ, բայցի հայկական իմպրեսիոնզիմի մասին, որպես գեղարվեստական երևույթ, հոդվածներից, դրանում կներառվեն նաև կենսագրական էսսեներ ցուցադրությանը ներկայացված վարպետների մասին և հետաքրքիր փաստեր նրանց ստեղծագործությունների մասին:
Ցուցահանդեսն ուղեկցվելու է նաև դասախոսություններով, թեմատիկ քննարկումներով, երաժշտական երեկոներով և էքսկուրսիաներով:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նման ցուցադրություն է բացվելու: «Ցուցահանդեսի հետ կապված բոլոր ծախսերը կատարում է ռուսական կողմը: Նաև գումար տվեցին մեր աշխատանքների ռեստավրացիայի համար, որոնք նաև ներկայացվելու են ցուցահանդեսում: Կարողացանք բանակցությունների ընթացքում որոշել, թե որ նկարիչների ինչ աշխատանքներ են ներկայացվելու, որպեսզի ռուս հասարակությունն ավելի լավ պատկերացում կազմի հայ արվեստի անցած ճանապարհի մասին»,- ասել էր նա: