ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել գալիք տարվա մարտ-ապրիլ ամիսներին. պատգամավոր
«Ես կառաջարկեի, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները երկու տարբեր ձևաչափերով լինեին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, որպեսզի ավելի մոբիլ աշխատանք իրականացվեր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
««Ծառուկան դաշինք» խմբակցությունն այսօր էլ պնդում է հիմնականում երեք թեզ: Փոփոխություններից առաջինն այն է, որ համամասնական ընտրական համակարգն անցնի հարյուր տոկոսի, այսինքն՝ բացառենք վարկանիշակին ընտրակարգով ընտրությունները: Այս ընտրակարգի պայմաններում օգտագործվում են փող, ընտրակաշառք, վարչական լծակներ: Կարևորագույն երկրորդ թեզը կրկանքվեարկությունների բացառումն է: Դա կարելի է անել միայն մատնահետքերի միասնական ռեգիստրի ներդրմամբ:
Մեր առաջարկներից երրորդը դեռ քննարկման փուլում է, այն է՝ ակտիվ և պասիվ ընտրացուցակները: Ակտիվն այն ընտրացուցակն է, որն արձանագրում է Հայաստանում եղած մասնակիցների թիվը, իսկ պասիվն այն ընտրազանգվածն է, որը ՀՀ քաղաքացիություն ունենալով՝ գտնվում է արտերկրում: Այս ցուցակները համադրելով՝ կարող ենք բացառել նախկինում կիրառվող, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունների կազմակերպումը»,- նշեց պատգամավորը:
Սերգեյ Բագրատյանը տեղեկացրեց, որ իրենք նաև բազմաթիվ տեխնիկական առաջարկներ ունեն: Նրա խոսքով, բոլոր այս փոփոխությունների նպատակը արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելն է, ինչի դեպքում միայն մենք կունենանք այլ որակի երկիր:
Լրագրողների հարցին՝ իր կարծիքով, երբ կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ պատգամավորը տեսակետ հայտնեց՝ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել գալիք տարվա մարտ-ապրիլ ամիսներին:
Անդրադառնալով տնտեսական իրավիճակին՝ բանախոսը շեշտեց, որ կոռուպցիոն ռիսկերը թեև դեռևս չեն հաղթահարվել, սակայն այդ ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվում: