ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ պետք է թիրախավորեն Լուկաշենկոյին. ԵԺԿ ղեկավար
Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Բելառուսի դեմ՝ ի պատասխան ընդդիմության բողոքների ճնշման, և միջոցառումները պետք է ուղղված լինեն նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, ասել է Եվրոպական խորհրդարանում աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար, գերմանացի Մանֆրեդ Վեբերը:
«Եվրոպան պետք է արագ համաձայնեցնի պատժամիջոցների ցուցակը: Եվ իմ տեսանկյունից, դրա մեջ պետք է լինի Լուկաշենկոն՝ այս համակարգի ղեկավարը», - գերմանական ZDF հանրային հեռարձակողին ասել է Վեբերը։
Այս շաբաթվա սկզբին ԵՄ դիվանագետները Reuters-ին հայտնել էին, որ ԵՄ-ն նպատակ ունի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Բելառուսի 31 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ներքին գործերի նախարարի նկատմամբ, մինչև սեպտեմբերի կեսերը` ի պատասխան ընտրությունների, որոնք լայնորեն կեղծված են համարվում: