Հռոմի պապ. Ժամանակն է ստեղծել Եվրոպա, որը կհամախմբվի ոչ թե տնտեսության, այլ մարդկային էության շուրջ
Այսօր պաշտոնական այցով Ստրասբուրգում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթով է հանդես եկել Եվրոպական խորհրդարանում։ Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել իրեն տրված հնարավորութան համար` հանդես գալ Եվրոպայի 500մլն քաղաքացիներին ներկայացնող այդ կառույցում։
Հռոմի պապի ելույթը, ուղղված Եվրամիությանը, բավական կտրուկ է եղել. «այն ընդլայնվում է և աշխարհն ավելի է բարդանում և փոփոխվում։ Այն դառնում է ավելի պակաս եվրակենտրոն։ Չնայած ուժեղ և լայն միությանը՝ Եվրամիությանը սկսում են կասկածով նայել»։
Պապն իր խոսքում ընդգծել է մարդկային արժանապատվության կարևորությունը, մարդու իրավունքների, օրենքի գերակայության պաշտպանությունը, որը Եվրոպայի կարևորագույն պատասխանատությունն է ոչ միայն ԵՄ շրջանակներում, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններում։
«Եվրոպան պետք է բարձրացնի մարդկանց արժանապատվությունը, քանի որ կան բազում դեպքեր, երբ մարդկայն էակների հետ վարվում են ինչպես առարկաների, քանի որ նրանք թույլ են, նրանք ծեր են։ Ինչպիսի արժանապատվություն կարող է լինել՝ առանց մտքերի ազատ արտահայտման։ Ինչպիսի արժանապատվություն կարող է լինել, երբ տղամարդիկ և կանայք ենթարկվում են տարատեսակ խտրականությունների, երբ մարդ չունի աշխատանք։ Արժանապատվությունը մարդու անքակտելի իրավունքն է, որը ոչ մեկ, ոչ մի ձևով չի կարող վերցնել»,-ասաց Ֆրանցիսկոս պապը։
Այս ամենով հանդերձ պապը կոչ է արել չընկնել մարդու իրավունքների կամ ինչպես ինքն է ընդգծել անհատականացված իրավունքների հետ կապված ծայրահեղությունների մեջ։
Պապը նշել է, որ մարդկային էությունը որոշակի սոցիալական կոնտեքստի մաս է, որտեղ նա ունի իրավունքներ և պատասխանատվություններ՝ հանուն ընդհանուր բարօրության։ Մարդկային արժանապատվության մասին խոսելով՝ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ մարդը բացարձակ չէ, այլ կարևոր է հարաբերությունների մեջ լինելը․ «Այսօր խնդիր է միայնությունը, հատկապես ծերերի համար»:
Պապն անդրադարձել է նաև Եվրամիության գաղափարախոսությանը՝ ասելով․«Այն գաղափարները, որոնք ընկած էին Եվրոպայի ոգեշնչման հիմքում այլևս չկան, դա վերածվել է բյուրոկրատական աշխատանքի։ Քաղաքական դեբատները վերածվել են տնտեսական հաշվարկների»։
Պապի խոսքերով, քրիստոնեությունը պետք է իր ներդրումն ունենա Եվրոպայի զարգացման մեջ։ Պապը խոսել է նաև կրոնական փոքրամասնությունների նկատմամբ դրսևորվող խտրականության մասին, ովքեր միայն կրոնի պատճառով կարող են գլխատվել։
«Եվոպայի ուժը բազմազանության միասնության մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում միատեսակություն քաղաքական, մշակութային կյանքում։ Մարդը պետք է ինքնուրույն արտահայտվի և գործի»:
Եվրոպան, պապի խոսքերով, պատասխանատվություն է կրում ժողովրդավարությունը կենդանի պահելու համար։
Պապն անդրադարել է նաև միգրանտների խնդրին՝ նշելով, որ չենք կարող թույլ տալ, որ Միջերկրական ծովը դառնա միգրանտների համար մահիճ. «Եվոպան պետք է մշակի համապատասխան օրինագիծ, որը միաժամանակ կապահովի եվրոպացիների իրավունքները և կընդունի միգրանտներիին։ Մենք պետք է աշխատենք պատճառների վրա, այլ ոչ միայն հետևանքների»։
«Ժամանակն է ստեղծել Եվրոպա, որը կհամախմբվի ոչ թե տնտեսության, այլ մարդկային էության շուրջ»,- հավելել է նա։
Նախորդող`
Հռոմի պապը Ստրասբուրգում է. Նորին Սրբության անվտանգությունն ապահովում են օդից, ջրից, ցամաքից (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան