Հռոմի պապը Ստրասբուրգում է. Նորին Սրբության անվտանգությունն ապահովում են օդից, ջրից, ցամաքից (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Ստրասբուրգ։ Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեց Ֆրանսիայի բնապահպանության, կայուն զարգացման և էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալը, ով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինն է։ Օդանավակայանում էին Ստրասբուրգի քաղաքապետը, դեսպաններ, կարդինալներ։ Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Հռոմի պապը օդանավակայանից ուղևորվեց դեպի Եվրոպական խորհրդարան, որի դիմաց հավաքված էր մարդկանց հոծ բազմություն, ովքեր չէին ցանկացել բաց թողնել այս պատմական պահը և տեսնել Պապին։
Եվրոպական խորհրդարանի դիմաց Հռոմի պապին դիմավորեցին Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, պատգամավորներ։ Խորհրդարանի դիմաց բարձրացվեց Վատիկանի դրոշը։
Նշենք, որ այսօր Ստրասբուրգում արտակարգ դրություն է։ Հռոմի պապի անվտանգությունն ապահովում են հարյուրավոր ոստիկաններ, ոստիկանական մեքենաներ, ուղղաթիռներ, ոստիկանական նավակներ։ Փակ են Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը շրջապատող բոլոր ճանապարհները։ Այս կառույցների աշխատակիցներն անգամ հնարավորություն չունեն ազատ տեղաշարժվել։
Պապի այցը լուսաբանելու համար Եվրոպական խորհրդարանում հավատարմագրվել են աննախադեպ թվով լրագրողներ՝ 931 լրագրող, աշխարհի տարբեր երկրներից։
Հիշեցնենք, որ Հռոմի պապը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի խորհրդում։