Հանրապետության տարածքում ՀՀԿ-ն կբացի 1500-ից ավելի շտաբ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկու օրից կսկսի քարոզարշավը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ հանրապետության տարածքում ՀՀԿ-ն բացելու է 1500-ից ավելի շտաբ: «Օրենքով սահմանված կարգով մենք արդեն բացել են մեր նախընտրական հաշիվը»,- նշեց նա:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ի քարոզարշավը կմեկնարկի «Դինամո» մարզադահլիճից, դա կլինի քարոզչական ներկուսակցական միջոցառում և չի լուսաբանվի։
Անդրադառնալով հարցին, թե մինչ Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ՀՀԿ-ն փողոցներում արդեն տեղադրել է գովազդային վահանակներ, արդյոք մինչ քարոզարշավի մեկնարկը վահանակների տեղադրումը օրենքի խախտում չէ, Շարմազանովը նշեց. «Ակնհայտ է մի բան,, որ քարոզչությունը սկսվում է մարտի 5-ին, իսկ մինչ այդ ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ և գրել՝ կեցցե այս կամ այն կուսակցությունը: Սա օրենքի խախտում չէ»:
Նրա խոսքերով՝ մինչև մարտի 5-ը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև բոլոր կուսակցությունների համար որևէ պաստառի տեղադրում չի կարող դիտվել որպես քարոզչական խախտում: