Գագիկ Խաչատրյանը կասկածում է, որ 2012թ.-ի բյուջեում նախատեսվող հարկերը կհավաքագրվեն
«Շատ կարևոր է` աննախադեպ աճ նախատեսող 2012թ.-ի բյուջեի համար ներկայացվի բյուջեի եկամտային մասին բացատրությունը տնտեսության ճյուղերի զարգացման կանախատեսումներով, քանի որ եթե այդ փաստաթուղթը չլինի, ապա հնարավոր չէ իմանալ, թե տնտեսության որ ճյուղերի հաշվին պետք է ավելանան եկամուտները»: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2012 թ. բյուջեի եկամտային մասը:
«Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Դրա համար մենք մեծ անհանգստություն ունենք և պետք է լուրջ աշխատենք այդ փաստաթղթի վրա, որպեսզի հասկանանք, թե հաջորդ տարի այդ հարկերի հավաքագրումը որտեղից ենք ակնկալելու»,- նկատեց Գ.Խաչատրյանը:
Ներկայացնելով 2012թ.-ի պետական բյուջեն` ֆինանսների փոխնախարար Պ. Սաֆարյան նշեց, որ պետական բյուջեի եկամուտները հաջորդ տարի կկազմեն 910 մլրդ դրամ, որի 96 տոկոսից ավելին հարկերն են: Նրա խոսքերով` նախկինում հարկերը կազմում էին ընդհանուր եկամուտների 90-91 տոկոսը: Բացի այդ` ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կբարձրանա մինչև 17.4 տոկոս` 0.6 տոկոսով գերազանցելով այս տարվա սպասվող կատարողականը: Գումարային արտահայտմամբ` մոտ 100 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների ավելացում է պլանավորվում:
Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հարկային եկամուտները պետք է ավելացվեն ինչպես հարկային բազայի ընդլայնման, այնպես էլ վարչարարության ուժեղացման շնորհիվ: «Դա միանգամայն իրատեսական է, թեև «լրջագույն» խնդիր է»,- ընդգծեց վարչապետը: