Հորդանանի ԱԳՆ. ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածները վրեժի միայն սկիզբն է
Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջուդան հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ օդային հարվածները վրեժի միայն սկիզբն է: Հորդանանի տասնյակ ինքնաթիռներ փետրվարի 5-ին Իրաքում և Սիրիայում հարվածել են խմբավորման օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հորդանանի իշխանությունները չեն հայտնել, թե կոնկրետ որտեղ և ինչ են ոչնչացրել, սակայն Հորդանանի անվտանգության ծառայության ներկայացուցիչը Reuters գործակալությանը փոխանցել է, որ հիմնականում ռմբակոծության են ենթարկվել Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում գրոհայինները տեսանյութ տեղադրեցին, որում ցուցադրվում էր, թե ինչպես են կենդանի այրում 2014 թվականի դեկտեմբերին գերին ընկած օդաչու Մոազ Ալ-Կասասիբային: Հորդանանը դրան ի պատասխան մահապատժի ենթարկեց կին-ահաբեկիչ Սաջիդա Ալ-Ռիշավիին և ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատար Զիյադ Ալ-Կարբուլին:
Հորդանանը արաբական այն չորս երկրներից մեկն է, որը մասնակցում է ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածներին: