Պիպոյան. Քաղաքապետարանը սխալ ժամանակ է ընտրել դպրոցների բուֆետներում ուսումնասիրությունների համար
Քաղաքապետարանի կողմից Երևանի դպրոցների բուֆետներում իրականացրած ուսումնասիրություններն արվել են ոչ թե առկա խախտումները բացահայտելու նպատակով, այլ ցույց տալու, որ քաղաքապետարանը գործ է անում: Panoarama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ենթակայության 156 հանրակրթական ուսումնական հաստատությունների բուֆետների և ճաշարանների վիճակի և մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ իրականացրած ուսումնասիրություններին:
Հիշեցնենք, որ ի պատասխան Panorama.am-ի հարցերի, քաղաքապետարանից հայտարարեցին. «Հաշվի առնելով, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում լուրջ թերություններ չեն հայտնաբերվել և դրանց մի մասն արդեն վերացվել են, ուստի պատասխանատվության ենթարկվածներ չեն եղել»:
Պիպոյանն ուշադրություն է հրավիրում փաստին, թե ինչ է նշանակում «լուրջ» կամ «ոչ լուրջ» թերություններ:
«Ի՞նչ է ասել, աննշան, լուրջ կամ ոչ լուրջ: Ո՞վ է դրանց լրջությունը գնահատողը, միգուցե իրենց համար լուրջ չե՞ն նաև այն խախտումները, որ այլոք են հայտնաբերում: Քանի դեռ նշված չէ, թե որոնք են հայտնաբերված թերությունները, սա նշանակում է, որ կատարված աշխատանքի ֆորմատը չի կարող բավարարել հանրային պահանջմունքը»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա զարմանում է, ինչպե՞ս է լինում, որ դպրոցների բուֆետներ այցելած լրագրողներն ու ՀԿ-ները տեսնում են վաճառվող գազավորված ըմպելիք, իսկ քաղաքապետարանը նման թերություն չի հայտնաբերել:
«Շատ պարզ օրինակ եմ, ասում, նախապես ասում են, գիտե՞ք, վաղը գալու ենք ձեր մոտ՝ խախտում չհայտնաբերելու: Միայն այն, որ ոչ լուրջ խախտումների բացվածքը չկա, դա արդեն վատ է: Որևէ տեղ գրված չէ, սա լուրջ խախտում է, սա ոչ լուրջ»,-ասաց Բ. Պիպոյանը:
ՀԿ-ն առաջիկա ամսվա ընթացքում չի պատրաստվում դպրոցներում ուսումնասիրություններ անցկացնել, քանի որ հանրային մեծ աղմուկից հետո վերահսկողությունն այժմ ուժեղացված է:
«Մենք դպրոցների սնունդի հարցին անդրադարձանք Բաղրամյանի դեպքերից առաջ, հետո եղավ մեծ աղմուկ: Իսկ դա բերում է լրացուցիչ զգոնություն և ուշադրություն: Վերահսկողությունը պետք է իրականացնել այն ժամանակ, երբ չեն սպասում դրան: Այսինք կարելի է այնպես ստուգել, որ խախտում չհայտնաբերես, կամ էլ ճիշտ ժամանակ ընտրես ու հայտնաբերես»,-ասաց Պիպոյանը, ավելացնելով, որ քաղաքապետարանն ուսումնասիրությունների համար սխալ ժամանակ է ընտրել:
Նրա համոզմամբ, նույնիսկ ամենաչնչին խախտման մասին պետք է քաղաքապետարանը բարձրաձայնի, որպեսզի դա մյուսների համար զգոնության կոչ լինի:
Դպրոցների բուֆետներում առկա խնդիրների մասին կարդացեք նաև՝
Բուֆետներում հայտնաբերված թերությունների համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր
Բախշյանի հարցը. Դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվո՞ւմ
Դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք
Տարոն Մարգարյան. Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ