Թամարա Գևորգյան. Մեզ իսկապես սպասում էին
Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ սեղանի շուրջ «Այո և ոչ» հեռուստաիրապատումն ամփոփեց նախագծի հարավային խումբը: Նրանք 20 օրերի ընթացքում եղան Սյունիքում, Արարտում, Արմավիրում, վերջում՝ Կոտայքում:
Հարավի թևում «այո»-ն ներկայացնում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Հանրապետական խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, Արման Սաղաթելյանը, ավելի ուշ Վ. Այվազյանին փոխարինեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը: «Ոչ»-ի կողմնակիցներն են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Թամարա Գևորգյանը, Վաղինակ Շուշանյանն ու Ազատ Արշակյանը: Այս խմբում բանավեճերը բավականին թեժ էին:
«Մյուս մարզերի համեմատ ազատամտության, բազմակարծության, համարձակության հրաշալի օրինակ էր Կոտայքի մարզը: Մենք մեզ զգում էինք ժողովրդավարական երկրում: Շատ լավ կլիներ այստեղից սկսեինք գնայինք դեպի Ագարակ: Բանավեճերի ժամանակ պետք է քաղաքական դիմակը հանել նայել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ում հետ գործ ունի: Կարծում եմ, որ հաջող էր, շնորհակալ եմ Կոտայքի մարզին,շատ խորհրդանշական է, որ ավարտում ենք ասորական ընտանիքում»,-ամփոփեց Ազատ Արշակյանը:
Հրայր Թովմասյանն ասաց, որ եղել են միմյանց վրա ձայն բարձրացնելու, էմոցիոնալ պահեր, սակայն պետք չէ թշնամանալ. «Սա մեր անձնական խնդիրը չէ, մեր պետության համար է: Միգուցե անձնական հարցի դեպքում այդպես չլինեինք, շատ ավելի զիջող լինենք, բայց ինչ վերաբերում է պետությանը, այո, ավելի անզիջող ենք լինում»:
Թամարա Գևորգյանի խոսքով, այս օրերի ընթացքում բոլորի համար շատ կարևոր մի բան կատարվեց. «Մենք առիթ ունեցանք հանդիպելու մեր հայրենակիցներին, միմյանց հետ շփվելու, հասկանալու: Մենք պետք է կարողանանք առերեսվել իրականության հետ և եզրակացություններ անենք: Մեզ իսկապես սպասում էին, ես սկզբում չէի մտածում, որ նման մեծ հետարքրություն կլիներ: Մարդիկ շփվելու, խոսելու, կարևորվելու, իրենց լսելու կարիք ունեն»:
Նա հորդորեց, որ ականջալուր լինեն մարդկանց գանգատներին, դժգոհություններին:
Արծվիկ Մինասյանն էլ կարևորեց, որ յուրաքաչյուր քաղաքացի իմանա իր իրավունքների մասին, դրանց հիման վրա ձևակերպի իր պահանջը. «Շատ կարևոր է, որ այս հանդիպումների արդյունքում քաղաքացին իմանա, թե ումից ինչ է պահանջում, և ինչպես պետք է պահանջի: Ինչո՞ւ չէ, պատգամավորներն էլ պետք է իմանան, ինչ են ասում»:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ բավարարված է, ընդգծեց, որ այս օրերի ընթացքում «Այո»-ի ու «Ոչ»-ի կողմնակիցների դիրքորոշումները չեն մոտեցել. «Անկեղծ խոստովանենք, մենք չմոտեցանք իրար, բայց մի բան, որ հաստատ արեցինք, այո, դա այն է, որ Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել, ոչինչ չի բացատրվել: Մասնավորապես, «ոչ»-ի ճակատի մասով ասել են բաներ շատ կոնկրետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Այո և ոչ»-ի հյուսիսային թևն ամփոփում է անցած 20 օրը
- Վարդան Խաչատրյանը՝ Մարտունու բնակչին. Դրա համար Ստալինին ասում էին՝ տիրան է, ոչ թե դիկտատոր
- Արմեն Մկրտչյան. Այս փասաթղթին կողմ քվեարկելուց հետո ավելի վատ է լինելու
- «Այո և ոչ»-ը՝ Նոր Հաճն քաղաքում. Ֆոտոռեպորտաժ
- Բագրատյան. Սահմանադրագետ չեմ, բայց ցանկացած սահմանադրագետի կարող եմ դաս տալ
- Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին