Բախշյանին զարմացրեց, որ հավի համար ևս տուրք են պահանջում
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին զարմացրել է տեղեկատվությունը, որ Երևանի բնակիչները ստիպված են տեղական տուրք վճարել նաև հավերի համար:
«Ես խոստանում եմ այս խնդիրը բարձրաձայնել ավագանու մոտակա նիստում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, ավագանու որոշման մեջ պետք է անպայման սահմանվի, տուրքը որ ընտանի կենդանիների համար պետք է վճարվի:
«Սա երբեք հավին չի կարող վերաբերել: Որոշման նախագիծն ինչքան ներկայացրել են, խոսել են հիմնականում շների և կատուների մասին»,-ասաց Բախշյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի նիստում ավագանին կայացրեց որոշում Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2016 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
Ըստ դրա, համաքաղաքային կանոններին համապատաuխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար uահմանվում է` 5000 դրամ:
Պարզվում է, որ տարեկան հինգ հազար դրամ տուրքը տարածվում է նաև յուրաքանչյուր հավի ու հնդկահավի վրա: Խնդրի վերաբերյալ կառավարության ղեկավարին բաց նամակ էր հղել Խարբերդի մի բնակիչ, ով ունի 15 հավ, 3 հնդկահավ, 15 սազվար:
Նրան հրավիրել են Շենգավիթ վարչական շրջան՝ առանց թույլատվության ընտանի կենդանի պահելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություն կամ միջնորդություն ներկայացնելու համար:
«Տեղեկացնեմ, որ նամակ ստանալուց առաջ մենք նույնիսկ տեղեկացված չենք եղել, որ թռչունների և այլ ընտանի կենդանիների համար պետք է հարկ վճարենք և որքան է կազմում այդ հարկը, քանի որ ոչ մի ծանուցում չենք ստացել»,-վարչապետին գրել էր Ֆրունզիկ Թամազյանը:
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետարանը Panorama.am-ին տրամադրել էր տվյալներ, ըստ որի 2013 թվականի ընթացքում երևանցիները տուրք վճարել են 111 կենդանու համար, ընդհանուր առմամբ 907.700 դրամ:
2014-ի նոյեմբերի մեկի դրությամբ մայրաքաղաքի բնակիչները վճարել են 136 ընտանի կենդանու համար՝ ընդհանուր առմամբ 1.137.500 դրամ: Երկու տարվա ընթացքում Երևանի բյուջե տուրքերից մուտքագրվել է 2.045.200 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ վարչապետին. Նման որոշումը ստիպում է մարդկանց հույսը դնել միայն «Փարոս»-ի վրա
- Երևանցիներն ավելի շատ են սկսել ընտանի կենդանիների համար տուրք վճարել
- Կենդանասերները կհարկվեն, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց