Դեպքը կապված է եղել ընտրակաշառք բաժանելու հետ. Բիշարյանը՝ Փելեշյանի վարքի մասին
«Այնքանով որքանով տեղյակ ենք, Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը հավատացյալների խմբին կաշառք է բաժանել: Զուտ դրա հետ կապված է եղել», -այսօր խորհրդարանում ճեպազրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով Վանաձորում իրենց թեկնածուի վարքը:
Բիշարյանը հորդորեց լրագրողներին հասկանալ՝ թե ում է ձեռնտու այս ամենը և քաղաքական այս պրոցեսներում ինչու են այդպես անում:
«Պետք է հասկանալ, թե քաշքշուկի արդյունքում ինչու են լուրն այսքան ուռճացնում, ում է ձեռնտու, ինչու համար են այդպես անում: Ավելի լավ է, եկեք էստեղից սկսենք, հետո միայն խոսենք մնացած բաների մասին», -ասաց Բիշարյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
Հիշեցնենք՝ Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը ոստիկանություն ստացված ահազանգի համաձայն, ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Վանաձորի բժշկական կենտրոնից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ տուժածը դիմել է, հետազոտվել է, ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և տեղափոխվել է տուն:
Այնուհետև, ոստիկանության հաղորդմամբ, Փելեշյանը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևանում և բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Հարակից հրապարակումներ`
- Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել
- ՀՎԿ-ի թեկնածուի կողմից ծեծի ենթարկված Գրիգորյանը հիվանդանոցից դուրս է գրվել