Լոռիում մշակվող վարելահողերն ավելացել են 1562 հեկտարով
Լոռու մարզում նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում արտադրվել է` 47 հազար 124 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, 70 հազար 100 տոննա կարտոֆիլ, 11 հազար 220 տոննա բանջարեղեն, 1400 տոննա պտուղ և հատապտուղ, կուտակվել՝ 126 հազար տոննա խոտ: Նման տվյալներ են ներկայացվել մարզխորհրդի նիստում:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանի խոսքով, մշակվել է առկա 42089 հա վարելահողերի շուրջ 78.8%-ը, որը նախորդ տարվանից ավելի է 1562 հեկտարով: Մասնավորապես 1070 հա-ով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 335 հա-ով՝ կարտոֆիլի, 344 հա-ով՝ կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
Վարչության պետի խոսքով, այժմվանից աշխատանքներ են տարվում 2017 թվականի բարձր բերքի նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ: Աշնանացանի համար մարզի ֆերմերներից պայմանագրային հիմունքներով համայնքներին է տրամադրվել 70 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Աշնանացան է կատարվել 7400 հեկտարի վրա:
Նա նշել է, որ ազոտական պարարտանյութի պարտքեր են կուտակել Գյուլագարակ, Արևածագ, Կարմիր Աղեկ, Հարթագյուղ և Սարամեջ համայնքները, ընդանուր առմամբ՝ 6.3 մլն դրամ:
2015թ. ստացած աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի պարտքեր ունեն Արջուտ, Արևածագ, Դսեղ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մեծ Այրում, Ճոճկան, Տաշիր, Կաթնառատ, Ձյունաշող, Լեռնանցք, Լեռնավան, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պարնի և Սարամեջ համայնքները` ընդհանուր առմամբ 25 միլիոն 569 հազար դրամ: