Այս աշխարհատարածքը՝ որպես անկախ պետություն կայացել է. ԱԺ նախագահի թեկնածու
Այսօր՝ մայիսի 21-ին մեկնարկեց Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնում մանդատներ են ստացել քաղաքական 5 ուժեր՝ «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական Հայրենիք» կուսակցություն, «Արցախի Արդարություն» կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն և Արցախի Ժողովրդավարական կուսակցություն։
Անդրանիկ նիստին ներկա էին ընտրված բոլոր 33 պատգամավորները, նիստը վարում էր ԱԺ 6-րդ գումարման նախագահ Աշոտ Ղուլյանը։
ԱԺ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանն իր խոսքում ասաց՝ եթե նույն ժամանակահատվածում մենք կարողացել են անցկացնել և՛ նախագահական և՛ խորհրդարանական ընտրություններ, ապա կարող են վկայել, որ այս աշխարհատարածքը՝ որպես անկախ պետություն կայացել է։
«Իմ եղբոր ներդրումներով ու ջանքերով հոկտեմբեր կամ նոյեմբերի ամսին Արցախում ծխախոտի գործարան կբացվի, որտեղ կստեղծվի մոտ 250 նոր աշխատատեղ, 150 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, ինչի համար ես շնորհակալ եմ»,- ասաց Ա. Թովմասյանը։
Նա շեշտեց, որ Արցախն ունի պրոֆեսիոնալ պառլամենտ, և ամիսը մեկ անգամ նիստ է անցկացվում, ինչն, իր խոսքով, շռայլություն է Արցախ աշխարհի համար։
«Պետք է հենց առաջին հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քննարկենք և ստորագրենք Արցախ-Հայաստան միջխորհրդարանական 4 նիստ անցկացնելու հարցը։ Կարծում եմ, որ պետք է միջխորհրդարանական բարեկամական խումբ ստեղծվի, որպեսզի փորձի փոխանակում լինի։ Իմ ընտրվելու դեպքում՝ խորհրդարանի աշխատանքի հիմքում դրված է լինելու պետականաշինության կայացման գործոնը։ Արցախի իշխանությունը կարևորում է իր թիկունքին խորհրդարանական մյուս ուժերի ներկայությունը տեսնելը։ Միասին պետք է աշխատենք, բոլորը պետք է մատնացույց անեն կոռումպացված նախարարներին, քանի որ դա օգտակար կլինի մեր նորաստեղծ հանրապետության զարգացման գործում։ Հավաստիացնում եմ, որ ամեն փաստ հաշվի է առնվելու»,- շեշտեց Ա. Թովմասյանը։
Նա ընդդիմությանը հորդորեց՝ քննադատություններն ուղղել ոչ թե անձանց, այլ համակարգին, քանի որ կարևորվում է կատարված աշխատանքի որակը, եթե այն վատ է արվել, ապա համակարգի խնդիրն է, և չպետք է թիրախավորվի անձը։
«Պետք է էթիկայի նորմերը պահպանել։ Վերջերս Հայաստանի խորհրդարանում էլ ականատես եղանք որոշակի միջադեպերի»,- եզրափակեց խոսքը Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն։
Տեղեկացնենք, որ նիստի մեկնարկին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնության խոսքն ասաց՝ բարի երթ ու խիզախություն մաղթելով նորընտիր ներկայացուցչական մարմնին։
Ապա պատգամավորների երդման արարողություն տեղի ունեցավ, որի ընթացքում խորհրդարանականները խոստացան անել ամեն ինչ՝ ազգային և համամարդկային արժեքների պահպանման և Արցախի շահերը ներկայացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
- Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան