Ինչո՞ւ են շախմատի քարերը հայտնվել արհեստական գազոնի վրա
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է այսօր առավոտից լայն քննարկում ստացած նկարին, որտեղ երևում է, որ Մոսկվա կինոթատրոնի դիմաց դրված շախմատի «տախտակին» փոխարինելու է եկել ինչ-որ տաղավար։
«Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռքբերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ:
Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում:
2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը:
«Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՍՄ, ԱԳ նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի մասնակցությամբ, ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի ու մշակույթի մի շարք հայտնի գործիչներ:
Հ.Գ. միջոցառումների ավարտից հետո նկարում երեւացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, եւ երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Գրառման մեկնաբանություններում քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ամբողջ քաղաքում ուրիշ ազատ տեղ չկար, հենց շախմատի վրա՞ պիտի դրվեր տաղավարը, Հակոբ Կարապետյանը պատասխանել է՝ չկար։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան