ՀՀ և Ֆրանսիայի ԱԺ նախագահները՝ ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման մասին
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նախօրեին ընդունել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով: Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաև երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը:
«Անհնար է անտեսել նաև այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել է Գալուստ Սահակյանը:
Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր դերակատարություն ունի միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»:
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարևորել է Ֆրանսիայում հայկական մեծ համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից: Կլոդ Բարտոլոնը վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:
Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝ որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան