Տարածաշրջանում լավագույն հեծանվահրապարակը` Երևանում. Խոստանում են «Ռենկո»-ի ղեկավարն ու Երևանի քաղաքապետը
Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում արդեն ընթանում են շինարարական աշխատանքները: Այնտեղ կառուցվելու է ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: Ծրագիրը ծավալուն է, իրականացվելու են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ` շուրջ 6 միլիարդ դրամի ներդրումային կապիտալով:
Այս մասին տեղեկացանք Երևանի քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ սա Երևանի քաղաքապետարանի և «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվել է ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի` նախատեսված 500 ավտոմեքենայի կայանաման համար: Միջազգային չափորոշիչներին համապատասխան եռահարկ կայանատեղին արդեն հաջողությամբ գործում է:
«Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին և քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը վստահեցնում են, որ 2 տարի հետո Երևանում կառուցվող նոր հեծանվահրապարակը տարածաշրջանում լինելու է լավագույնը:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը Երևանի քաղաքապետին ներկայացրել է հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նոր հեծանվահրապարակը կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7մ: Հարթակները և վազքուղին ծածկված կլինեն փայտե կոնստրուկցիաներով, որոնք իրենցից ներկայացնում են 20մ թռիչքով ֆերմաներ` տեղադրված 9.40մ քայլով:
Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների և մարզիչների համար առանձին հանդերձարաններ` ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական և հետմարզական վարժման համար` կից հանդերձարաններով և ցնցուղներով, հեծանիվների պահման և նորոգման սենյակներ, ավտոկայանատեղեր, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության համար գրասենյակներ, կոնֆերենս դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ:
Հեծանվահրապարակին պատկանող կառույցի և ավտոտնակների միջև կտեղադրվեն դեպի վազքուղի տանող պանդուսներ: Ապահովված է նաև շտապ օգնության մեքենայի մարզահրապարակ մտնելը: Հեծանվահրապարակում ներառված է ավտոկայանատեղ 240 մեքենայի համար: Այստեղ մուտքը հարմարեցված է նաև հաշմանդամների համար: Կկառուցվեն հատուկ թեքամուտքեր հաշմանդամների անիվային նստարանների համար: Հեծանվահրապարակի մուտքերը կտեղադրվեն Ծ.Իսակովի պողոտայի կողմից, մուտքերին կից կտեղակայվեն տոմսարկղերը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան