Վրաստանի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե կառավարության հետ դիմակայության պատճառով ինքը պատրաստվում է հրաժարական ներկայացնել ու ստեղծել առանձին ընդդիմադիր կառույց կամ միանալ նախկին իշխանությունների «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը:
«Ես հանդիսանում եմ Վրաստանի նախագահը ու չեմ պատկանում որևէ կուսակցության: Այս պարագայում ո՞ւմ եմ ընդդիմություն լինելու: Միակ բանը, որին ես կարող եմ ընդդիմություն դառնալ՝ հայրենիքս է. ինչո՞ւ պետք է դա անեմ»,-ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի ղեկավարի հավաստմամբ, ինքը երբևէ չի համագործակցել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ: Միաժամանակ, նախագահը հայտնել է, թե, իր հերթին, կփորձի «մեղմել հարաբերությունները» կառավարության անդամների հետ:
Նշենք, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորած կառավարության ներկայացուցիչների միջև դիմակայությունն առավել ցայտուն ուրվագծեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանը ներկայացնելու հարցի շուրջ: Թե՛ նախագահը, թե՛ կառավարության ղեկավարը հայտարարել էին Վրաստանը ՄԱԿ-ում ներկայացնելու մտադրության մասին, սակայն ի վերջո Մարգվելաշվիլին տեղի տվեց կառավարության անդամների հորդորներին և հայտարարեց, թե իր այցը խափանվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան