Հայկական ավանդական գյուղում` ֆրանսիական թաղամաս
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում իրականացվում է մի նախագիծ, որի շնորհիվ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի ֆրանսիական թաղամաս:
Այս ոչ սովորական գաղափարի հեղինակը ազգությամբ ֆրանսիացի բարերար Բերնար Ժանեն է, ով առաջին անգամ Հայաստան է եկել 1988թ-ի երկրաշարժից հետո:
Լրագրողների հետ զրույցում, խոսելով Ենոքավանում Ֆրանսիական թաղամաս կառուցելու իր գաղափարի մասին, Բերնար Ժանենը պատմեց, որ ինքը սիրահարվել է Ենոքավանին ու որոշել այնտեղ ստեղծել հայկականի ու ֆրանսիականի համադրություն:
«28 տարի զբաղվել եմ մարդասիրական ծրագրերով: Տարիներ շարունակ համագործակցել ենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Այնպես ստացվեց, որ ես ու տղաս սիրահարվեցինք Ենոքավանին: Նպատակը հետևյալն է՝ Հայաստանի խորքում՝ Ենոքավանում, ստեղծել Ֆրանսիական թաղամաս, այսինքն՝ համեմել հայկական ավանդական կոլորիտը ֆրանսիական ավանդույթների հետ: Հիմնականում նպատակ ունենք գյուղում հիմնել ֆրանսիական խոհանոց և մի թաղամաս կառուցապատել ֆրանսիական գյուղի ոճով, որը, սակայն, իր ճարտարապետությամբ կլինի համահունչ գյուղի մնացած հատվածի հետ: Թաղամասում գործելու է սպա կենտրոն, նաև բացօթյա ջեռուցվող լողավազան, որտեղ հայաստանցիներն ու արտասահմանցի զբոսաշրջիկները կվերականգնեն իրենց առողջությունն ու կվայելեն հանգիստ»,-նշեց Բերնար Ժանենին:
Ենոքավանում «Ֆրանսիական թաղամասին» զուգահեռ «Ենոքավանի զարգացման հիմնադրամը» ծրագրում է իրականացնել «Էթնո գյուղ» նախագիծը, որի նպատակն է համայնքում զարգացնել «Էթնո տուրիզմն» ու «Ագրո տուրիզմը»:
«Արտասահմանցիներն այստեղ կարող են բնակիչների օգնությամբ սովորել, օրինակ, կարպետագործություն, կավագործություն կամ որևէ այլ արհեստ, կարող են բնակիչների հետ գյուղական պայմաններում օղի թորել: Էկոտուրիզմի տեսանկյունից արտասահմանցի զբոսաշրջիկները հնարավորություն կունենան գյուղում մասնակցել հողագործական, անասնապահական և գյուղատնտեսական այլ աշխատանքների, որոնք ևս շատ դեպքերում կարող են հետաքրիր ու գրավիչ լինել քաղաքաբնակ արտասահմանցիների համար: Ներդրվելու է նաև տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու մշակույթը»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Ենոքավանի զարգացման հիմնադրամի» տուրիզմի զարգացման համակարգող Տիգրան Չիբուխչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ենոքավանը կդառնա էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն
- Վախից պապանձված ու գոռգոռալով կամ ճախրանքի վայելումով. Zipline-ը՝ սեփական փորձով