Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից. Շարմազանով
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում հստակ նշեց, որ Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական արձանագրությունների գործընթացն առանց նախապայմանների, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները գնացին ժխտողականության և նախապայմանների ճանապարհով»,- այս մասին այսօր Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ
«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ և կայուն տարածաշրջանում, բայց երբեք թույլ չենք տա, որ որևէ պետություն մեզ հետ խոսի նախապայմանների լեզվով: Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և թուրքական ժխտողականության դեմ պայքարը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ընդգծել է, որ Արցախը երբևէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ արցախցիները պատրաստ են մինչև վերջ պայքարելու հանուն անկախության և ազատության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ Ադրբեջանը չի կարող պատմական հողերի մասին խոսել, քանի որ նախ և առաջ պետք է պատմություն ունենալ: «Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից»,-ասել է նա: