Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է. Դավիթ Անանյան
«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին, իսկ հունիսի 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում չի ստացել և երկու տեղեկատվությունն էլ կարող են իրականություն լինել, այսինքն՝ հնարավոր է, որ հունիսի 13-ին պարոն Օհանյանը ծանուցումը չի ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն հարցաքննության չեն հրավիրել:
ՊԵԿ ղեկավարի խոսքով՝ նախկին նախարարը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր ու ժամ կա:
«Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ: Կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան, քանի որ դա եղել է պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա հրավիրվել է հարցաքննության: Դա սովորական գործընթաց է»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: