Այսօր տարբեր տիպի սարքավորումներ են մշակվում ՊՆ կարիքների համար. ԳԱԱ նախագահ
«2018 թվականը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի», - այս մասին այսօր նշեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում 2018 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումը ներկայացնելիս։
Նա նշեց, որ 2018-ին հանրապետության գիտական հանրությունը նշեց ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակը և ողջ տարվա ընթացքում համակարգի կազմակերպություններն անցկացրին գիտական բնույթի բազմաթիվ միջոցառումներ։
ԳԱԱ նախագահն ընդգծեց, որ հոբելյանական միջոցառումները մեծ արձագանք ստացան միջազգային գիտական հանրության կողմից։
Մարտիրոսյանն իր զեկույցում անդրադարձավ Ռադիոֆիզիկայի և էլէկտրոնիկայի ինստիտուտում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, որոնք հիմնականում տրամադրվում են Պաշտպանության նախարարությանը։
«Ինստիտուտի կողմից ստեղծված ռադարը կարևոր է նրանով, որ քաշը և չափերը շատ փոքր են, զինվորը կարող է մենակ համապատասխան տարածքներում օգտագործել։ Այսօր տարբեր տիպի սարքավորումներ են մշակվում պաշտպանության նախարարության կարիքների համար»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ ՊՆ-ն այդ սարքավորումները ցուցադրել է արտասահմանի տարբեր ցուցահանդեսներում և արդեն ունենք բավականաչափ պատվերներ տարբեր երկրներից։