Ինչ են վկայում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած ու ակնկալվող փոխայցելությունները
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին:
Նախարար Մնացականյանը ողջունել է Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակել են 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների արդյունքները Երևանում արձանագրելու հնարավորության համար, մասնավորապես միջազգային դիտորդական բոլոր առաքելությունների, ներառյալ՝ ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին արժանացած 2018թ. դեկտեմբերի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է , որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած ու ակնկալվող փոխայցելությունները վկայում են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ ակտիվ և դինամիկ երկխոսության շարունակականության և դրականորեն ընդգրկուն օրակարգի մասին:
Նախարար Մնացականյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի ժողովրդավարության հասունացման և կայացման գործում։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները, մասնավորապես արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական ոլորտներում:
ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հանգամանորեն անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին, մտքեր փոխանակել Եվրոպայի խորհրդի օրակարգում արդիականություն հանդիսացող հարցերի շուրջ։