Պուտինն առաջարկել է Նազարբաևին նշանակել Եվրասիական խորհրդի նախագահ
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ: Մայիսի 29-ին համապատասխան առաջարկն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է Regnum-ը:
Նշվում է, որ Նուր-Սուլթանում մեկնարկել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը`Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի ղեկավարների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդ պետության ղեկավար և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը՝ որպես հյուր:
Հանդիպման մասնակիցները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները:
Ինչպես հաղորդում է REGNUM լրատվական գործակալությունը, մայիսի 28-ին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան շնորհել «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ` ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի» շքանշանով: