Սոցնախ. Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման կայքը
Գործարկվել է http://online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, խոսքը, մասնավորապես, ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» ծրագրով (N 418-Լ որոշում) և ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված անձանց միանվագ աջակցություն» ծրագրով (N 460-Լ որոշում) նախատեսված միանվագ դրամական օգնություն ստանալու գործընթացի մասին է:
«Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։
Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:
Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
Նշենք, որ ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:
Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»,- ասված է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
- Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք
- Ո՞ր քաղաքացիներին է տրամադրվելու նվազագույն աշխատավարձի չափով միանվագ օգնություն