ԱՄՆ-ն չի բացառում, որ հուլիսի 20-ին միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի
«Միջուկային հարցում Իրանի հետ համաձայնություն ձեռք բերելը հնարավոր է՝ սակայն շատ դժվար»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ալեն Էյրը:
Նկատենք, որ Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 20-ին: Առաջին փուլի կատարման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ, որը լրանում է հուլիսի 20-ին:
«ՄԵՀՐ»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Համատեղ գործողությունների ծրագիրը» ևս 6 ամսով երկարաձգվի, ամերիկացի պաշտոնյան, պատասխանել է. «Մենք ժամկետների երկարաձգման մասին չենք մտածում, միայն կենտրոնացած ենք հուլիսի 20-ին ձեռք բերվելիք համաձայնության վրա»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս բանակցություններ վարելու նպատակով մեկնի Ավստրիա, Ալեն Էյրը պատասխանել է. «Մենք միշտ հայտարարել ենք, որ համաձայնության հասնելու համար ոչ մի ջանք չենք խնայի. Եթե զգանք, որ պարոն Քերին կարող է օգնել գործընթացին, ապա նա կմեկնի Վիեննա»:
Նկատենք, որ հուլիսի 2-ից Վիեննայում մեկնարկել է Իրանի և «5+1 խմբի» 6-րդ հանդիպումը. Անցած օրերի ընթացքում Իրանի և «5+1խմբի» անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մի շարք հանդիպումներ:
Քիչ առաջ ավարտվել է Իրանի ԱԳ նախարար Մոհմամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են համապարփակ համաձայնագրի նախագծի շուրջ առկա տարաձայնություններին առնչվող հարցեր:
Իրանի և «5+1 խմբի բանակցությունները կշարունակվեն մինչև հուլիսի 20-ը: