Ավտոերթ` ընդդեմ ԱՊՊԱ-ի
Այսօր ընդդեմ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության բողոքի ավտոերթ է տեղի ունենալու Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Բողոքի ակցիան կազմակերպում է «Ժառանգություն» կուսակցությունը:
«Կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունները պարտավոր են վերանայել ԱՊՊԱ օրենքը, հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքման վերջնաժամկետը, փոփոխել դրա պայմանները` համապատասխանեցնելով դրանք ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքներին և հաշվի առնել բնակչության մեծ մասի սոցիալական ծանր վիճակը և ՀՀ Սահմանադրության պահանջները, որին հակասում են օրենքի մի շարք դրույթներ», -նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Երևանում ավտոերթը կսկսվի «Հրազդան» մարզադաշտին հարող Բրազիլիայի հրապարակից և պտտվելով քաղաքի կենտրոնի շուրջ` կավարտվի Հանրապետության Հրապարակում` Կառավարության շենքի առջև, որի մասին իրազեկումն արդեն ներկայացվել է Երևանի քաղաքապետարան: