Կոնգոյի դեսպանը վստահեցրել է՝ ջանքեր կներդնի գործակցության ներուժը օգտագործելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեցեկանում ենք, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության զարգացմանը:
Դեսպան Մադուկան իր հերթին վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջև փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։