Հայաստանին նվիրված ծրագիր բրազիլական կառնավալի շրջանակներում
Բրազիլիայում ՀՀ դեսպանության անմիջական աջակցության և հայ համայնքի ակտիվ մասնակցության շնորհիվ ավանդական բրազիլական կառնավալի երկրորդ օրը՝ մարտի 3-ին Սան Պաուլոյի հանրահռչակ սամբադրոմում բեմականացվել է Հայաստանին նվիրված շքեղ ծրագիր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացումն իրականացվել է Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի կողմից, որի տնօրեն Անժելինա Բազիլիոն նախապատրաստական փուլում՝ ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի հրավերով, 2018թ. պատվիրակությամբ այցելել է Հայաստան և բազմաթիվ հանդիպումներ ունեցել պատկան մարմինների ղեկավարների, ազգագրագետների և լրատվամիջոցների հետ:
Աշխարհի 140 երկրում հեռարձակված 65 րոպե տևողությամբ ներկայացումն ունեցել է կարևորագույն քաղաքական, մշակութային, կրթական և քարոզչական նշանակություն: Ներկայացման սցենարի հեղինակ Անդրե Մաշադոն, անդրադառնալով Հայոց պատմության կարևորագույն շրջաններին՝ սկսած Նոյ նահապետից մինչև նորօրյա Հայաստանը, համապատասխան դեկորացիաներով և գունագեղ հայկական տարազներով, եռագույնով և զինանշանով, ներկայացրել է հինավուրց հայ մշակույթը և վերածնված Հայաստանը: Պարահանդես-շքերթի ողջ ընթացքում հնչել է այս առիթով հատուկ գրված երգը, որը, ինչպես և ամբողջ ծրագիրը վերնագրված էր Կեցցե Հայաստանը (Viva Hayastan) փառաբանում էր հայ-բրազիլական բարեկամությունն ու հայ ժողովրդին:
Անհրաժեշտ է հատուկ նշել, որ Բրազիլիայի խոշորագույն լրատվամիջոց հանդիսացող Globo ընկերության լրագրողները մանրամասն մեկնաբանել են բեմականացումը` հատուկ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության պատմությանը և Մեծ Եղեռնից մազապուրզ եղած հայերի ճակատագրին, որոնց մի ստվար զանգված հաստատվել է Սան Պաուլոյում և մեծ ներդրում է բերում երկրի բարգավաճմանը: