Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերածվելու է միջազգային նշանակության գիտահետազոտական կենտրոնի
Մեկ տարի անց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվելու է նոր մշտական ցուցադրություն, որը բացառիկ է լինելու իր որակով, իր գիտականությանբ: Այս մասին ասուլիսում ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նրա ներկայացմամբ, ցուցադրության մշտական տարածքը մեծացվելու է 2,5 անգամ, ներառվող նյութը 200 անգամ ավելի է լինելու: Ցուցադրությունը պատրաստելիս, ըստ նրա, հաշվի է առնվելու համաշխարհային պրակտիկայում ընդունված դիզայներական պրակտիկան:
Հ. Դեմոյանն ասաց, որ ցուցանմուշներն ավելացել են վերջին ութ տարիների ընթացքում իրականացված գիտական հավաքչական աշխատանքների, նվիրատվությունների արդյունքում: Թանգարանի վերակառուցման աշխատանքները, նրա տեղեկացմամբ, կավարտվեն այս տարվա հոկտեմբերին, և այդ ժամանակվանից էլ սկսկվի նոր ցուցադրության պատրաստումը, իսկ 2015 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես կբացվի նոր ցուցադրությունը:
Հ. Դեմոյանը նաև նշեց, որ թանգարանն իր բոլոր հնարավորությունների շնորհիվ վերածվելու է միջազգային նշանակության գիտահետազոտական կենտրոնի:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, թանգարան-ինստիտուտի հաղորդմամբ, աշխարհի տասնյակ երկրներում կազմակերպվելու են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք ներառելու են բացարձակապես նոր տեղեկություն, նյութ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: