ԱՄՆ տրամադրած միջոցները հիմնականում կուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների ներգրավմանը
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի այսօրվա նիստում ներկայացրեց արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված 750 հազար դոլարի օգտագործմանը:
Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է նախորդ երկու ռազմավարությունների հիման վրա մշակվել է 2015-2018 թվականների ռազմավարւթյունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված 750 հազար դոլարն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը:
«Այդ միջոցներով հնարավորություն է ընձեռվել ներգրավելու միջազգային փորձագետների, ովքեր այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի լայն մեխանիզմներ: Նրանց կարևորագույն խնդիրն է լինելու նաև անկախ փորձագետների դպրոցի ստեղծմանը և մասնագետների պատրաստմանը: Հիմնական խնդիրն է լինելու իրականացնել կոռուպցիոն ռիկսերի վերլուծություն, մշակել մեխանիզմներ և նպաստել այդ ռիսկերի չեզոքացմանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը;