Դիջիթեք բիզնես ֆորումում կանցկացվի Հայաստանում ԱՊՀ Քլինթեք հարթակի ձևավորմանն ուղղված հանդիպումը
«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ երկօրյա բիզնես ֆորումի ընթացքում կլինեն մասնագիտական քննարկումներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման շուրջ, այդ թվում՝ ռազմարդյունաբերության, նոր սերնդի բանկային համակարգի, էլեկտրոնային կառավարման, կիբեր անվտանգության վերաբերյալ և այլն։
ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում կքննարկվեն նաև Մաքուր տեխնոլոգիաների (Քլինթեք) տարածաշրջանային հարթակ ստեղծելու մանրամասները:
Այս առիթով Հայաստան կժամանեն Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի կառավարության ու գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կենտրոնների ներկայացուցիչները: Ֆորումի մասնակիցները կքննարկեն Մաքուր տեխնոլոգիաների տարածաշրջանային հարթակ ստեղծելու հնարավորությունները: Հարկ է նշել, որ Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը վերջին երկու տարիներին իրականացվել է ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից:
ԴիջիԹեք բիզնես ֆորումի ամբողջական օրակարգն՝ այստեղ:
Ըստ հաղորդման՝ B2B (Business to business) ձևաչափի այս ֆորումի հիմնական մասնակիցները կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար ընկերությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՏՀՏ լուծումներ առաջարկող ընկերություններ, խորհրդատվական ընկերություններ և այլն:
ԴիջիԹեք բիզնես ֆորումն անց է կացվում 2008 թ-ից: Երկօրյա բիզնես ֆորումն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: