ԱՄՆ պետքարտուղարությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքից
Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ ԼՂ հակամարտության կողմերի հետ աշխատանքը շարունակելու գործընթացին և խնդրի խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Պետքարտուղարության կայքի համաձայն, ադրբեջանական հեռուստաընկերության լրագրողն ամերիկացի պաշտոնյայից հետաքրքրվել է, թե ԼՂ վերաբերյալ ինչ քննարկումներ են եղել պետքարտուղար Ջոն Քերիի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի միջև Ստամբուլում կայացած բանակցություններում:
«Չեմ կարող հստակ նշել, թե ինչ համատեքստում է հարցը քննարկվել պետքարտուղարի Թուրքիա կատարած այցի շրջանակներում, սակայն պետք է վերահաստատեմ, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խորապես հավատարիմ է ԼՂ հակամարտության կողմերի հետ աշխատանքը շարունակելու գործընթացին և խնդրի խաղաղ կարգավորմանը: Մենք հավատում ենք, որ ուժի կիրառումը հակամարտության լուծման տարբերակ չի կարող լինել, և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի սպառնալիքի կիրառումից ...», - ասել է Վենթրելը:
Հարցին, թե կան արդյոք զարգացումներ հայ-թուրքական հարաբերություններում, Վենթրելն ասել է. «Այդ հարցը մենք պարբերաբար բարձրացնում ենք մեր թուրք գործընկերների հետ հանդիպումներում»: