«Շաուրմա»-ի հեղինակը մահացել է
78 տարեկան հասակում, Գերմանիայում մահացել է «շաուրմա»-ն կամ ինչպես թուրքերն են ասում դոներ-քեբաբի (döner kebab) ստեղծող ազգությամբ թուրք Քադիր Նուրմանը: Նրա մահվան պատճառները հայտնի չեն, փոխանցում է «РИА "Новости"» գործակալությունը: Նկատենք, որ այդ ուտելիքը հայերի շրջանում հայտնի է կամ Ղարսի խորոված կամ «շաուրմա» անվանումով:
Իր առաջին «շաուրման» Նուրմանը վաճառել է Բեռլինում 1972 թվականին: Նա Գերմանիա է գնացել որպես փախստական և մի որոշ ժամանակ Շտոտգարդում ավտոարտադրող մի գործարանում է սկսել աշխատել: Նա արագ սնվելու համար ուտելիքի բաղադրատոմս է ստեղծում՝ հաշվի առնելով իր երկրի խոհանոցային ավանդույթները. տապակել միսը, առատորեն համամել այն համեմունքներով, այնուհետև մսի կտորները բանջարեղենի հետ միասին լցնել լավաշի մեջ: «Շպիգել»-ի տվյալներով, Գերմանիայում այդ «շաուրմա»- ի վաճառակետերում 60 հազար աշխատատեղ է ապահովված:
Ինքը Նուրմանը քննադատաբար է ընդունել իր ստեղծած ուտեստի հանրահայտ լինելու հանգամանքը: Նա ասում էր, որ ժամանակակից «շաուրմա»-ներում շատ են հավելումները: «Եթե միսը համեղ է, ապա տոմատն ու այլ համեմունքները ավելորդ են», -ասում էր նա: