«Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները» (տեսանյութ)
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցել Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահպանման գործում։ Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հայտնի է, որ 80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Այն ժամանակ Զվարթնոցի շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։
Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ Զվարթնոցի քանդումը թույլ չտալու համար։
Զվարթնոց օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կտրականապես դեմ է Զվարթնոցի աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի»։
Կից տեսանյութում ներկայացված է ռոբոտների մարշը Զվարթնոցի տարածքում։