Իսրայելի հատուկ ծառայությունները կանխել են ԱԳ նախարարի դեմ մահափորձը
Իսրայելի հատուկ ծառայությունները Հորդանան գետի Արևմտյան ափում ձերբակալել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման մի քանի անդամների, ովքեր մտադիր էին մահափորձ իրականացնել Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Նշվում է, որ երեք կասկածյալ տվյալներ են հավաքել նախարարական ավտոշարասյան տեղաշարժերի վերաբերյալ: Իրենց պլանն իրագործելու համար նրանք մտադիր էին նռնականետեր օգտագործել: Հայտնի չէ, թե երբ է իրականացվել հատուկ գործողությունը:
Հիշեցնենեք, որ նոյեմբերի 18-ի առավոտյան Երուսաղեմի Հար-Նոֆ շրջանի սինագոգում երկու զինված պաղեստինցի ներխուժել էին աղոթատեղի և կոտորած իրականացրել: Զոհվել էր 5 մարդ, վիրավորվել 7-ը: Իսկ նոյեմբերի 5-ին «ՀԱՄԱՍ» շարժման կողմնակիցներից մեկը մեքենայով մխրճվել էր անցորդների մեջ: Վիրավորվել էր 14 մարդ, որից մեկը հիվանդանոցում մահացել էր: Ոստիկանները հանցագործին սպանել էին: