Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում բյուրոյի փոխնախագահություն է ստանձնել
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, դեկտեմբերի 17-18-ը տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը։ Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին։
Կոմիտեն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն։
2006թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով։