Freedom House-ը դատապարտում է Ադրբեջանում 40 ակտիվիստների ձերբակալությունը
Ադրբեջանում մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը նախատեսվող բողոքի հանրահավաքից առաջ 40 ակտիվիստների, բլոգերների ու ընդդիմադիր կուսակցականների ձերբակալության առթիվ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Անհատների թիրախավորումը, ձերբակալությունն ու հետապնդումը նախատեսվող խաղաղ հանրահավաքից առաջ միանշանակորեն համարվում է խոսքի ու հավաքների ազատության ոտնահարում: Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի ու դադարեցնի ահաբեկել այդ մարդկանց, ովքեր ձգտում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքները»:
Զեկույցում նշվում է նաև Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների նախապատմությունը.
«2016թ-ի հուլիսին Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 26-ին: Առաջարկվող բարեփոխումները նախատեսում են երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից մինչև 7 տարի, ներմուծել փոխնախագահի ինստիտուտ, վերաձևակերպել նախագահի լիազորությունների սահմանները, ինչպես նաևվերացնել տարիքային սահմանափակումները նախագահ ընտրվելու համար:
Սեպտեմբերի 11-ին ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Բաքվում հանրահավաք իրականացրեցին և հայտարարեցին սեպտեմբերի 17-ին և 18-ին նոր հանրահավաքներ կազմակերպելու մասին: Ակտիվիստների ձերբակալությունները սկսվել են սեպտեմբերի 10-ից և շարունակվում են մինչև այս պահը:
Ադրբեջանը, ըստ «World 2016» զեկույցի, դասվել է ոչ ազատ երկրների շարքը, մամուլի ազատության 2016թ-ի ինդեքսով ևս Ադրբեջանը ճանաչվել է անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86 միավոր 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար»,-նշվում է «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: