Ստրունինո քաղաքի մթերային խանութի հայ սեփականատերը անվճար հաց է բաժանում աղքատներին
Ստրունինո քաղաքի մթերային խանութի սեփականատերը անվճար հաց է բաժանում աղքատներին։ Հաց ստացողներն արդեն փորձել են բողոքել դատախազությունում և խոստացել բանտ նետել վերջինիս։ Բողոքում են, որ քիչ հաց է տալիս, գրում է kommersant.ru-ն։
«Ո՞վ է մեզ հաց տալիս։ Էլ ո՞վ, Պուտինը»,- տղամարդը վաճառողուհուն է մեկնում «Մթերային խանութ «Երիկ» կնիքով թուղթը, որի վրա գրված է՝ «Ստացական մեկ բատոնի և կես սև հացի համար. մարտ»։ «Նախագահն է հրահանգ տվել, որպեսզի չունևորներին, թոշակառուներին և հաշմանդամներին օգնություն ցուցաբերեն։ Ահա և ցուցաբերում են։ Բայց այս վաճառողները խորամանկ են, իրենք իրենց չեն նեղացնում։ Եկել են Ռուսաստան և մեր հաշվին սնվում են»։
Տղամարդը կասկածում է, որ իրեն ամբողջական սև հաց է հասնում, իսկ խանութում գողանում են իր օրինական բաժինը։
Վաճառողուհի Գալինա Լին թափ է տալիս ձեռքը, իբրև՝ ուշադրություն մի դարձրեք։ Այստեղ սովոր են դժգոհներին։ Արդեն մոտ 8 տարի է՝ այս խանութում օգնում են կարիքավորներին, հաց տալիս, սակայն մինչ այժմ ոչ բոլոր քաղաքացիներն են հասկանում՝ ով և ինչու է դա անում։ Մեկը վստահ է, որ հաց բաժանելու հրահանգ տվել է անձամբ Պուտինը, մյուսը կարծում է՝ սա քաղաքապետի կամ նահանգապետի ձեռքի գործն է։ Ոչ բոլորը գիտեն, որ ամսվա ընթացքում մոտ 2 հազար բատոն և հազար սև հաց բաժանում է մեկ մարդ՝ Մամուդ Շավերշյանը՝ այդ խանութի սեփականատերը։
Մամուդը 25 տարի առաջ Ռուսաստան եկել է Հայաստանից։ Սկզբում աշխատել է որպես ինժեներ, այնուհետ զբաղվել բիզնեսով։ Երբ բացել է խանութը, տեսել է, թե ինչպես են ծեր կանայք գանձապահի մոտ հաշվում կոպեկները և հարցնում՝ չի՞ կարող արդյոք հացի մեկ քառորդը կտրել։ Այդ ժամանակ էլ որոշել է անվճար հացի ստացականներ տպել։ Հաշվել է, որ միջին վիճակագրական տատիկին 2 օրվա համար կբավականացնի մեկ բատոնն ու կես սև հացը։ Սկզբում ստացականներ տրվել են միայն թոշակառուներին, այնուհետ սկսել են դիմել հաշմանդամներն ու բազմազավակները։
Հարևան մանկապարտեզին ևս գործարարը չորուկներ և թխվածքաբլիթներ է բաժանում, Հայաստանում էլ արդեն երկար տարիներ պահում է այն դպրոցը, որում սովորել է։ Նա վստահ է, որ միայն Աստված կարող էգնահատել բարությունը, ոչ մարդիկ։ Կինը՝ Ռոզան, մի անգամ ասել է.
«Մամուդ, ինչո՞ւ ես ընդհանրապես փող ու նյարդեր ծախսում, բաժանված հացի համար քեզ միայն անիծում են»։
Բայց երբ մի անգամ տեսել է մի ծերունու, ով ցանկացել է համբուրել իր ամուսնու ձեռքը, արտասվել է և խնդրել ևս 50 հոգու անվճար հացի ստացականներ բաժանի։