«Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»
Իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման առումով որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացին:
Վարչապետի խոսքերով՝ Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85-ի, իսկ 2016թ-ի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպություններին:
«Միաժամանակ այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից դեռևս պարունակում են խնդիրներ: Մասնավորապես, իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն», - նշեց վարչապետը:
Ավելին, ըստ Կարեն Կարապետյանի, որոշ գերատեսչություններում բացակայում է պետական ծառայությունների մատուցման միասնական մեխամիզմը կամ մեկ պատուհանի հնարավորությունը։
Հաշվի առնելով Կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկ ամսում մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, «մեկ պատուհան» սկզբունքը ապահովելու և ըստ անհրաժեշտության՝ դրանց քանակը նվազեցնելու վերաբերյալ գործողությունների ծրագիր ՝ ամրագրելով դրանց կատարման հստակ և սեղ ժամկետներ:
Բացի այդ, Կառավարության աշխատակազմի ղեկավարին նա հանձնարարեց սահմանել վերահսկողություն այս ծրագրի կատարման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել գործընթացի համակարգման և ամփոփման աշխատանքներ, իսկ կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցել:
«Մանրակրկիտ պետք է ուսումնասիրեք, և մեկ ամիս հետո նման դեպքեր պետք է բացառվեն: Հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը երևի գիտի, որովհետև որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է», - ընդգծեց Կարեն Կարապետյանը։