Նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի միջև այսօր ստորագրված փոխգործակցության համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մինչև 10 կմ անտառտնտեսական ճանապարհների կառուցման, որսորդական տնտեսության ստեղծման, լայնատերև և ասեղնատերև ծառատեսակների պլանտացիաների, տնկարանային տնտեսությունների հիմնադրման, անտառտնտեսություններում դենդրոպարկերի ստեղծման, անտառտնտեսությունների և անտառպետությունների գրասենյակների կառուցման նախագծման աշխատանքներ։
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Բելգոսլես» կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50 հազար հա տարածքում իրականացնել անտառաշինական աշխատանքներ` ներգրավելով հայ մասնագետներին Հայաստանում անտառաշինական կառույցի ստեղծման նպատակով։
Մյուս համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության «Անտառային տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի հետ, հայ մասնագետները վերապատրաստում կանցնեն Բելառուսի Հանրապետությունում:
«Առաջիկայում նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել և այդ առումով ևս բելառուսական փորձն օգտակար կլինի», - իր խոսքում նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ընդգծել է, որ բելառուսական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2018 թվականին հայ-բելառուսական բարեկամության պուրակ է հիմնվելու։ Այդ նպատակով Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով սոճենու տնկանյութեր, որոնք նախատեսվում է տնկել մինչև 15 հա տարածքում` Սևանի ավազանում և Լոռու մարզում: